Գլխավոր Պարետի կոչը. Այս տարի մնում ենք տանը

Պարետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը և ամբողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Տասնամյակներ շարունակ հազարավոր մարդիկ՝ Հայաստանից, Արցախից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այդ օրն այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Բոլորիս համար արարողությունը հիշատակի, պահանջի ու վերածննդի նշանակություն ու խորհուրդ ունի…

2020թ․ ապրիլյան այս օրերին մենք պայքարում ենք համաշխարհային նոր մարտահրավերի՝ կորոնավիրուսի դեմ, որը հաղթահարելու և մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար կիրառվող առողջապահական սահմանափակումները ստիպում են մեզ նոր միջոց գտնել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու համար…

Այսպիսով, այս տարի մնում ենք տանը և չենք այցելում Հայոց ցեղասպանության հուշահամալիր, բայց մեր խորհրդանշական ներկայությունը ապահովելու համար կատարում ենք հետևյալ քայլերը…

Ապրիլի 23-ին, ժամը՝ 21:00, եկեղացական զանգերի ղողանջի ներքո մարում են Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը: Կոչ եմ անում մարել նաև Ձեր բնակարանների լույսերը ու պատուհանի մոտ միացնել հեռախոսների լապտերների լույսը…

Այս գործողությունն իր խորհրդանշական արձագանքը կստանա Ծիծեռնակաբերդից, որին կարող եք հետևել Հանրայինի ուղիղ եթերով կամ հայացքները սևռելով դեպի հուշահամալիր…

Ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ…

Նույն օրը ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500 համարին արտասահմանից՝ հաստատելու իրենց հեռակա մասնակցությունը օրվա խորհրդին: Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի սյուներին…

Նշեմ նաև, որ մինչև ապրիլի 25-ը ժամը 23:59-ը ներառյալ անվտանգության և կազմակերպչական նկատառումներից ելնելով Ոստիկանությունը փակելու է դեպի Ծիծեռնակաբերդ մուտքը…

Շնորհակալություն ձեր աջակցության, կարգապահության և պատասխանատվության համար»…