Արմեն Սոլոմոնյանի որդու նամակը՝ ուղղված Էդուարդ Շարմազանովին

Արմեն Սոլոմոնյանի որդու նամակը՝ ուղղված Էդուարդ Շարմազանովին։

֊Հարգելի՛ Էդուարդ։ Ես արդեն էլ անչափահաս չեմ, վաղուց ավարտել եմ դպրոցը՝ գերազանցության ատեստատով, ու կարող եմ ինքս նամակներ գրել՝ առանց հայրիկիս օգնության ու թելադրանքի։
Ուրեմ ասեմ, որ մեր երկրում դիսկրիմինացիայի և ատելության սերմերը շաղ եք տվել դուք ու ձեր կուսակցական հայրերը։

Այն պահից սկսած, ինչ ձեր չարի կուսակցությունը ներխուժեց ԵՊԼՀ ուսանողական խորհուրդ, ես և իմ ուսանող ընկերները հայտնվեցինք սահմանագծից այն կողմ՝ որպես ընդդիմադիրներ, որպես “2֊րդ սորտի” մարդիկ։

Ու չնայած մեր ակնառու ակտիվությանը թե՛ կրթական, թե՛ մշակութային, թե՛ ուսանողական կյանքում՝ մենք դուրս մղվեցինք ՀՀԿ֊ական թայֆայի գրաված ուսանողական խորհրդից, որն ըստ էության բոլորինս պիտի լիներ՝ հավասար։

Ի դեպ, հանրապետական ջահելության պրիվիլիգիա հանդիսացող “Բազե” շոու֊ծրագիրը ո՛չ Նիկոլի գաղափարն է, ո՛չ էլ հորս։ Դա ձեր կուսակցության գաղափարն է՝ ստեղծել ուսանողներին ճնշելու ու դիսկրիմինացիայի ենթարկելու մեխանիզմ։

Ի դեպ, հանկարծ տպավորություն չստեղծվի, թե վատ ուսանողական տարիներ եմ ունեցել։ Ավելին, մինչ հանրապետական տասովչիկ֊կուրսընկերներս փողոցներում ընկած ձայներ էին մուրում ձեր կուսակցության համար՝ ես ընկերներիս հետ ռոք էի նվագում, ճամփորդում էի ու ստեղծագործում։ Այժմ էլ ունեմ հիանալի աշխատանք՝ անչափ հետաքրքիր ու բարձր վարձատրվող։

Նախկին կուրսընկերներս էլ են աշխատում տարբեր պետական օղակներում շատ ծիծաղելի աշխատավարձով։ Երբեմն իրենց նայելով՝ լացս է գալիս, թե էդ երկու կոպեկի համար դեռ քանի՞ տարի են պատրաստվում քծնել։

Ավելին՝ արդեն շատերն ակտիվորեն ճամբար են փոխում՝ թքելով թե՛ բազեական ԱՆպատվոգրերի, թե՛ կուսակցական տոմսերի վրա։ Իսկ ես էլի նույն ճամբարում եմ, էլի նույն տեղում, էլի նույն համոզմունքներով։

Այսօր, երբ հեղափոխությունը սրբում֊տանում է չարիքի կուսակցությունն՝ իր սպասավորներով, ես մի երազանք ունեմ։

Ցանկանում եմ, որ մեր ու ձեր երեխաներն ապրեն ու մեծանան հավասար հնարավորությունների Հայաստանում, որ երբեք էլ չիմանան, թե ինչ է անարդարությունը, որ ունենան իսկական ընկերներ ու հենց նրա համար, որ իրենք լավ մարդ են, այլ ոչ թե նրա համար, որ իրենց հայրը պետական չինովնիկ է։

Պաշտոններն ու կոչումներն անցողիկ են, մնայուն է ՄԱՐԴԸ։

Իսկ եթե պաշտոնի տակ ՄԱՐԴ չկա, ապա անգամ Դարվինն է անզոր այս դեպքում։
Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք, քաջ֊առողջություն, որ երկար ապրեք ու տեսնեք, թե ինչպես է զարգանում ու բարգավաճում մեր բոլորի հայրենիք՝ Հայաստանը։

Հարգանքներով՝ Արմեն Սոլոմոնյանի որդի՝ Յաշա Սոլոմոնյան