«Անհնարին ճանապարհներ կգտնեմ, բայց Հելենին իր ընտանիքի մոտ կհասցնեմ»․ վթարից մահացած արցախցի Հելենի քեռի
Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, օգոստոսի 14-ին 11 մարդու կյանք խլած վթարի հետեւանքով մահացած Հելեն Դադասյանի մարմինը դեռ հնարավոր չէ տեղափոխել շրջափակման մեջ հայտնված հայրենի Արցախ։
News.am-ի հետ զրույցում Հելենի քեռին՝ Մուշեղ Սաֆարյանը, պատմեց, որ դիմել են Կարմիր խաչին եւ Արցախի իշխանությանը։ Աղջկա մարմինը դեռ Գորիսի դիահերձարանում է։
«Կարմիր խաչից ասում են՝ աշխատում ենք, աշխատում է նաեւ Արցախի իշխանությունը։ Ես դեռ երկու օր կհամբերեմ, ինձ ասել են, որ ուրբաթ պատկերը կստացվի։ Եթե հնարավոր չեղավ տեղափոխումը, այլ անհնարին ճանապարհներ կգտնեմ, մինչեւ վերջ կպայքարեմ, բայց երեխայիս իր ընտանիքի մոտ կհասցնեմ»,- ասաց նա։
Հելենի մայրը ֆիզիկայի ուսուցչուհի է, հայրը՝ արցախյան պատերազմների մասնակից։ Հելենն ունի իրենից մեծ քույր եւ եղբայր։ Քույրը հաշմանդամ է, Հելենի մահվան լուրն իմանալուց առողջական վիճակը կտրուկ վատացել է, հիվանդանոց է տեղափոխվել։
«Հելենը գերազանցությամբ էր սովորել դպրոցում, գերազանցություամբ էր սովորում նաեւ համալսարանում, անգամ դասընթացներ էր անցկացնում։ Ոսկու կտոր էր, նպատակներով լի ու ուրախ աղջիկ։ Չէր կարողանում Արցախ վերադառնալ, որոշել էր պատմական հայրենիքը տեսնել»,- նշեց նա։